ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ



 Էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառքի սարքերը և դրանց տեղակայման պայմանները




Առևտրային է համարվում Պայմանագրում նշված հաշվառքի սարքը: Պայմանագրում պարտադիր նշվում են հաշվիչի, ինչպես նաև հոսանքի և լարման տրանսֆորմատորների գործարանային համարները և տեխնիկական հարաչափերը: Բնակչության առևտրային հաշվառքի սարքերը (նաև բազմասակագնային հաշվիչները) ձեռք է բերում և տեղադրում է մատակարարը` ԷՄՕԿ-ի 68-րդ կետով սահմանված կարգով, ինչպես նաև իրականացնում է դրանց սպասարկումն ու շահագործումը` իր միջոցներով:

Սպառողը պատասխանատվություն է կրում միայն այն առևտրային հաշվառքի սարքերի ամբողջականության և պահպանման համար, որոնք տեղակայված են իր սեփականությունը հանդիսացող կամ իր կողմից տնօրինվող տարածքներում և այդ մասին նշված է պայմանագրում: Սպառողի սեփականությունը հանդիսացող, բայց իր սեփական կամ իր կողմից տնօրինվող տարածքներից դուրս տեղադրված հաշվառքի սարքերի ամբողջականության և պահպանման համար պատասխանատվությունը կրում է մատակարարը:

Սպառողն իրավունք ունի լրացուցիչ կնքել առևտրային հաշվառքի սարքը:

Եթե սպառողը (բացառությամբ բնակչության) տեղադրել է վերստուգիչ հաշվառքի սարք, ապա դրա վերաբերյալ տվյալները նշվում են Պայմանագրում: Մատակարարն իրավունք ունի կնքել վերստուգիչ հաշվառքի սարքը: Վերստուգիչ հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցման և էլեկտրաէներգիայի հաշվարկներում կիրառման կարգը սահմանում են կողմերը` Պայմանագրով:
Առևտրային հաշվառքի սարքերը պետք է տեղակայվեն այնպես, որ.
ա) բացառվի նրանց մեխանիկական վնասվածքների կամ միջավայրի անթույլատրելի ազդեցության հնարավորությունը,
բ) բացառվի կողմնակի անձանց միջամտությունը հաշվառքի սարքերի միացման սխեմային և նրանց աշխատանքին,
գ) ապահովվի սպառողի և մատակարարի ներկայացուցչի համար հաշվիչի ցուցմունքի տեսանելիությունը,
դ) ապահովվի հաշվառքի սարքերի պահպանումը,
ե) վտանգ չսպառնա մարդկանց կյանքին և առողջությանը:

Բնակչության առևտրային հաշվիչները տեղակայվում են ընդհանուր կամ անհատական արկղերում: Բազմաբնակարան շենքերում առեւտրային հաշվիչները տեղակայվում են յուրաքանչյուր մուտքի ընդհանուր արկղերում: Արկղերի տեղակայման վայրը ընտրվում է այնպես, որ ապահովվի էլեկտրական լարման սահմանված մեծությունը սպառողի ընդունման վահանակի վրա: